5 տարեկանների մեդիամիջավայր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Քոլեջ, Անահիտ Գրիգորյանի բլոգ

«Մայիսիկ». Համբարձման ծես

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Մայիսիկ» ստուգատես

Օրը՝ Մայիսի 10, ժամը՝ 11:00-12:00

Անցկացման վայրը՝ Քոլեջ

Մասնակիցներ`Քոլեջի 5-6 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան, Սոնա Քեհեյան, Անահիտ Գրիգորյան, Լիլիա Զախարյան

Ծրագրում՝

Համբարձման ծեսն ունի երեք հիմնական գործողությունծաղկահավաքգովքվիճակ:

Ծիսական գործողություն «Ծաղկահավաք»

Չորեքշաբթի ծաղկահավաքի օրն է, կարելի է կատարել դաշտում, ինչպես նաև նախակրթարանի բակում, որտեղ կան ծաղիկներ: Քանի որ ծաղիկները տարածվում են սերմերի, ինչպես նաև արմատների միջոցով, սաները պետք է իմանան, որ արմատով չի կարելի պոկել, յուրաքանչյուրը հավաքելու է ընդամենը հինգ ծաղիկ: Վիճակի սափորի մեջ գցում են 7 տարբեր տեսակի ծաղիկներ, 7 քար, 7 տարբեր ծառերից մեկական տերև, 7 բուռ ջուր: Ջուրը հավաքում են՝ ա. նախակրթարանի խմբերի ջրի ծորակներից, բ. շրջակայքում գտնվող ցայտաղբյուրներից, գ. եթե հնարավոր է, կարելի է մտնել մոտակա շենքի 7 բնակարան և յուրաքանչյուր տնից խնդրել մեկ բուռ ջուր: Հավաքած ծաղիկներով պատրաստում են փոքր փնջեր և ծաղկեպսակ: Սափորը, ծաղկեփնջերն ու ծաղկեպսակը կարելի է թողնել նախակրթարանի ներքին բակում: Համբարձման չորեքշաբթի, լույս հինգշաբթի գիշերը համարվում էր խորհրդավոր ու զարմանալի գուշակությունների, հրաշալիքների ու կախարդանքների գիշեր: Գիշերը փարչն անպայման պիտի մնար դրսում, բաց երկնքի տակ` «աստղունք», Համբարձման հրաշալի, կախարդական գիշերվա զորավոր հմայքին ենթարկվելու և առավոտյան ցողով օծվելու համար:

Ծաղկամայր

Պատրաստում են Ծաղկամոր տիկնիկը, զարդարում ծաղկեպսակով, վզին գցում սաների նախօրոք պատրաստած ուլունքները: Կարելի է սաներից մեկին դարձնել Ծաղկամոր կերպար՝ զարդարելով նախօրոք պատրաստած  ծաղկեպսակով, ծաղկեգոտիով, ծաղկեվզնոցով, ուլունքներով, ծաղկե թևկապով և այլն:

 

Համբարձման  ծիսական գործողություն՝ «Գովք»

Նախակրթարանում խմբի սաներից մի քանիսը կազմում են փոքր խումբ, վերցնում «Ծաղկամոր» տիկնիկը, այցելում են մյուս խմբերը: Երգում են գովքի երգեր, փոխարենը ստանում հյուրասիրություն՝ կոնֆետ, թխվածք:

Համբարձման  ծիսական գործողություն «Վիճակ»

Անհրաժեշտ պարագաներ.

  • «Ծաղկամայր» (ծիսական տիկնիկ),
  • ծաղկեպսակներ,
  • վիճակի սափոր,
  • ծղոտից զամբյուղ` մրգերով և այլ հյուրասիրություններով:

Սաները, ծաղիկները` ձեռքերին, ծաղկեպսակը` գլխին, գալիս են ու շրջանաձև նստում  բացօթյա կանաչ տարածքում: Նրանցից մեկի ձեռքին «Ծաղկամայրն» է, մյուսի ձեռքին` վիճակի սափորը (նախօրոք յուրաքանչյուր երեխա որևէ իր կամ խաղալիք է դնում դրա մեջ), երրորդը՝ «Հարսիկն» է: Նրանք երեքով նստում են մեջտեղում: Ծղոտից զամբյուղը` մրգերով ու այլ հյուրասիրություններով, դրվում է «Ծաղկամոր» տիկնիկը բռնած երեխայի մոտ:  Երգում են «Վիճակի երգը»: «Հարսիկը» վիճակի սափորից հանում է որևէ իր: «Ծաղկամոր» տիկնիկը բռնած երեխան ծղոտե զամբյուղից որևէ միրգ կամ քաղցրավենիք վերցնելով, տալիս է այդ իրը դրած երեխային: Եթե երգի ընթացքում բոլորը չեն հասցնում հանել վիճակ, նորից են երգում ու շարունակում վիճակ հանելու արարողությունը: Բոլորին վիճակ հանելուց հետո, կանգնում են շրջանաձև և պարում ազգային պար:

 

  Համբարձման խաղ. «Ծաղիկներ,մեղուներ, բզեզներ, թիթեռներ»

Երեխաները դառնում են ծաղիկներ, մեղուներ, բզեզներ, թիթեռներ և բաժանվում  4 խմբի: Մեղուները պզզում են, բզեզները` բզզում, ճռռում, թիթեռները` թափահարում թևերը, ծաղիկները` ծափծփում, շրշկում: Ծաղիկները տարածվում են ու կանգնում: Նրանցից յուրաքանչյուրի ձեռքին զանգակ կա, որը երբեմն — երբեմն զնգացնում են: Զանգի ձայնը լսելով, մեղուները պզզալով գալիս են, մոտենում ծաղկին և պտտվում նրա շուրջ: Ծաղիկը կքանստում է, մեղուն կռանում է նրա գլխի վրա, «նեկտար վերցնում» ու գնում հաջորդ ծաղկի մոտ: Այսպես, հերթով «թռնում» են ծաղիկից ծաղիկ: Բզեզները` բզզալով ու ճռռալով, խաղալով գալիս են ու, բռնելով  ծաղկի ձեռքերից, նրա հետ շրջանաձև պտտվում` տարուբերելով ձեռքերը: Թիթեռները, ծաղիկների կողքով «թռնելով», գտնում են իրար, թևերը թափահարում, հերթով իրար բոլոր պտտվում, կազմում զույգեր, որոնք հերթով միանում են իրար և բռնում փոքրիկ շրջան յուրաքանչյուր ծաղկի շուրջ: Այդ պահին նրանք նմանվում են ծաղկի, որի թերթերը թիթեռներն են, իսկ միջին մասը` ծաղիկը: Խաղի վերջում բոլորը հավաքվում են իրար բոլոր և կազմում ծաղկեփունջ: Խաղը կարելի է խաղալ ազգային թեթև պարային երաժշտության ուղեկցությամբ:

 

Վիճակը հանելու մանիներ

Տեսեք վիճակն ինչ կուզի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Սրտի ուզածըն ինչ ի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն

Սարերով ցորեն կուզի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Արտերով գարի կուզի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Համբարձման ծիսական արարողությունն իրականացնելու համար նախատեսված երգեր

Երգերի ձայնագրությունը՝ քոլեջի «Երգարան» բաժնում

Վիճակի երգ  

Մանի ասեմ ու շարեմ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Լցնեմ տոպրակն ու կարեմ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Ծաղիկ ունեմ նարընջի,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Տըղա, վեր արի փընջի,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ոսկին ծալեծալ կուզեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Ծաղիկ ունեմ` ալա յա,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ալա չի, ալվալա յա,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Արևը կամար-կամար,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Կապել ես ոսկե քամար,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Սարեն կըգա ձիավոր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Մեր տունը չարդախավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Հըրես եկավ իմ աղբեր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Երեք օրվա թագավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Հե՜յիմ Նազանիմ Նազան

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Լուսնի լուսնակը ես եմ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծովի ձըկնակը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

Գիշերով փախչող աղջիկ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Հետիդ ընկերը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Արտի միջակը խոտ է,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծաղիկը խընկահոտ է,|
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

Էրթանք ծաղիկ քաղելու,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Քանի Համբարձում մոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հո՜յ Մայրամ 

Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Մայրամ, արի էս պարը,
Հոյ Մայրամ, Մայրամա,
Մեզ համար կասեմ խաղը,
Հոյ Մայրամա, Մայրամա:

Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Ծաղիկ ունիմ, ալա յա,
Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Ալա չի, ալվալա յա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Մայրամ, Մայրամ քուր ունիմ,
Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Նռան հատիկ, լալա յա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Լուսնակը բոլորել է,
Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Ամպի մեջ մոլորել է,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Մայրամի պարի համար
Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Զուռնաչուց խըռովել է,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Ա՜յ, արևը, արևը

Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:

Հենց որ ծագի արևը,
Ա՜յ, արևը, արևը,
Քեզի ղրկեմ բարևը,
Ում տամ՝ տանի բարևը:

Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:

Խնձոր ես ծառի վրա,
Ա՜յ, արևը, արևը,
Ծաղիկ ես սարի վրա,
Ում տամ՝ տանի բարևը:

Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:

Արև ելավ էն սարեն,
Ա՜յ, արևը, արևը,
Կաքավ կանչեց էն քարեն,
Ում տամ՝ տանի բարևը:

Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:

Աղբյուրը ՝ Մարինե Մկրտչյանի բլոգ
Advertisements

Single Post Navigation

One thought on “«Մայիսիկ». Համբարձման ծես

  1. Ծանուցում՝ «Մայիսիկ» ստուգատես | 5-6 տարեկանների մեդիամիջավայր

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: