5-6 տարեկանների մեդիամիջավայր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Քոլեջ, Անահիտ Գրիգորյանի բլոգ

Ջաննի Ռոդարի

«Շփոթպապը»

-Կար-չկար մի աղջիկ  կար:  Նրա անունը ԴեղինԳլխարկ էր:

_Չէ՛, ԿարմիրԳլխարկ…
_Հա՛, ճիշտ որ, ԿարմիրԳլխարկ: Մի անգամ մայրը կանչում է նրան և ասում.
_ Կանաչ գլխարկ…
_Դե՛չէ՛, պապի՛կ, կարմի՛ր, կարմի՛ր գլխարկ:
_Ա՜խ, հա, Կարմիր…  Գնա, խնդրում եմ, հորաքրոջդ տուն և   կարտոֆիլի կճեպներ  տար նրան :
_Չէ՛, Գնա տատիկի տուն և կարկանդակներ տար նրան :

_Դե լավ: Աղջիկը գնում է, գնում հասնում է անտառ, իսկ այնտեղ նրա դեմն է դուրս գալիս ընձուղտը:
_Է՜… է՜, պապիկ, դու ամեն ինչ խառնեցիր: Նրա դեմ գայլն է դուրս գալիս,  ոչ թե ընձուղտը: Անտառում ինչպե՞ս կարող է ընձուղտ լինել:
_Ճիշտ ես ասում, թոռնի՛կս: Աղջիկը հանդիպում  է գայլին: Այսպես, ուրեմն, գայլը հարցնում է աղջկան՝ վեց անգամ ութն ի՞նչ կանի:
_Ո՛չ, պապի՛կ, գայլը հարցնում է Կարմիր գլխարկին.  Ո՞ւր ես գնում, Կարմիր գլխարկ:

_Դու ճիշտ ես, թոռնիկս: Իսկ սեւ գլխարկը պատասխանում է.
_Նա Կար-մի՛ր գըլ-խարկն է, Կարմի՛ր գլխարկը… Կարմիր…
_Դե հա, էլի, կարմիր: Իսկ նա պատասխանում է.
_ Ես գնում եմ շուկա, տոմատի հյութ գնելու:
_Չէ՛, բոլորովի՛ն էլ այդպես չէ…  Ես գնում եմ տատիկիս  մոտ: Նա հիվանդ է ու մենակ: Միայն թե մոլորվեցի անտառում…

_Ճիշտ է: Եվ այստեղ ձի է նստում…
_Ի՞ն չ ձի: Այնտեղ գայլ էր, չէ՞:
_Իհակե, գայլ էր: Դե ահա,  գայլն ասում է.
_Նստի՛ր հինգ համարի տրամվայը և գնա մինչև Գուոմո հրապարակը: Երբ դուրս կգաս հրապարակ, թեքվի՛ր աջ, և դուրս կգաս ուղիղ երեքաստիճանոց սանդուղքի մոտ: Այնտեղ գետնին ընկած է մի սոլդո: Աստիճաններին ձեռք մի տուր, իսկ սոլդոն վերցրո՛ւ և պաղպաղակ գնի՛ր:
_Պապի՛կ, դո ւ հեքիաթ պատմել չգիտես, ամեն ինչ խառնեցիր իրար, շփոթեցիր: Դու իսկական Շփոթ-պապ ես: Իսկ պաղպաղակ դու իսկապես առ ինձ համար:
_Համաձայն եմ. Ահա քեզ մի սոլդո.  շուտ վազիր, գնիր քեզ համար համով, սառը պաղպաղակ…
-Շնորհակալ եմ, պապի՛կ… շնոր-հա-կալ եմ…

 

«Հինգի արկածները»

— Օգնեցե՜ք, օգնեցե՜ք,- գոռալով՝ լեղապատառ փախչում էր Հինգը:

— Ի՞նչ է պատահել:

— Մի՞թե չեք տեսել: Հանումն ընկել է ետևիցս: Թե որ հասավ՝ կորած եմ:

— Դու էլ բա՜ն ասացիր՝ կորա՜ծ եմ:

Բայց փորձանքը պատահեց: Հանումը հասավ Հինգին և սկսեց սրով կտրատել նրան: (Սուրը «հանում» նշանն էր): Ի՜նչ օրն ընկավ մեր Հինգը… Դեռ լավ էր, որ այդ պահին նրանց կողքով արտասահմանյան մի երկար մեքենա անցավ՝ ա՜յ այսքան երկար: Հանումը մի վայրկյանով շուռ եկավ որ տեսնի կկարողանա՞ դա էլ կարճացնել: Հինգ դու Հինգ, փախավ-մտավ կողքի շենքի մուտքը: Միայն թե նա արդեն ոչ թե Հինգ էր, այլ Չորս, այն էլ քիթը ջարդած:

-Քեզ ի՞նչ է պատահել: Կռի՞վ ես արել:

— Վա՜յ, գլուխներդ ազատեք, թե կարող եք:

Այս ի՞նչ ձայն էր: Վա՜յ, Բաժանո՜ւմն է: Դժբախտ Չորսը արագ «բարի գի­շեր» շշնջաց ու փորձեց ծլկել: Բայց արի ու տես, որ Բաժանումն ավելի ճարպիկ դուրս եկավ ու մկրատի մի շարժումով՝ շըխկ, Չորսին ուղիղ երկու կես արեց՝

Երկուս և Երկուս: Նրանցից մեկին Բաժանումը գրպանը դրեց, իսկ մյուսը պահը չկորցրեց դուրս վա­զեց ու իրեն տրամվայ գցեց:

— Դեռ մի րոպե առաջ ես Հինգ էի,- լաց էր լինում Երկուսը,- իսկ հիմա տեսեք, թե ինչի’ եմ նման:

Տոմսավաճառը մրթմրթաց.

— էս խեղճուկրակներն էլ որ տրամվայ չեն նստո՜ւմ… Ասա ոտքով գնացեք, էլի’:

— Ես մեղք չունե՜մ: Ես մեղավոր չեմ,- բացականչեց  Երկուսը:

— Բա չէ’, ես եմ մեղավոր: Բոլորը նույնն են ասում:

Հենց առաջին կանգառում Երկուսը տրամվայից

իջավ: Ո՜նց էր կարմրել՝ իսկը կարմիր բազուկ: Բայց ահա… էլի մի փորձանք՝ ինչ-որ մեկի ոտքն էր տրորել:

-0՜, ներեցեք, տիկի’ն:

Իսկ տիկինը բոլորովին չէր բարկացել, ընդհակառակը, նույնիսկ ժպտաց: Մի տես, է’, տիկին Բազմապատկումն է: Նա շատ բարի սիրտ ուներ և շատ էր խղճում նրանց, ում գլխին փորձանք էր եկած լինում: Բազմապատկումն իս­կույն բազմապատկեց Երկուսին Երեքով, և մի հրաշալի թիվ՝ Վեց, ստացվեց: Ինչու հրաշալի՞: Որովհետև դա Հինգին գումարածն է: Ոչ մի ուսուցիչ Վեց չի նշանակում, միայն Հինգի կողքին գումարած է ավելացնում:

— Ո՜ւխ, ի՜նչ լավ է: Հիմա ես Հինգին գումարածն եմ:

 

«Ամենալավ մարդը»

Ես մի պատմություն գիտեմ մի մարդու մասին: Նա աշխարհի ամենալավ մարդն էր:  Չգիտեմ,   այս պատմությունը   ձեզ դուր կգա՞, թե՝ չէ: Դե ինչ, պատմե՞մ, թե՞չէ: Լա’վ, պատմեմ:

Նրա անունը Պրիմո էր: Իտալերեն դա նշանակում է առաջին: Երևի դա էր պատճառը, որ նա դեռ փոքր ժամանակ որոշեց.

-Միշտ առաջինը կլինեմ ոչ միայն անունով, այլև՝ գործով: Միշտ և ամեն տեղ առաջինը կինեմ և վե՛րջ:

Բայց դե հակառակը ստացվեց. նա միշտ և ամենուր վերջինն էր:

Նա վերջինն էր նրանց մեջ, ովքեր վախենում էին, ովքեր փախչում էին, վերջինն էր նրանց մեջ, ովքեր ստեր էին փչում, ովքեր վատ բաներ էին անում…

Նրա հասակակիցները միշտ ինչ-որ բանում առաջինն էին: Մեկը քաղաքի առաջին գողն էր, մյուսը առաջին ավազակն էր շրջանում, մեկն էլ առաջին հիմարն էր ամբողջ թաղում…

Իսկ նա, հակառակը, վերջինն էր հիմարություններ դուրս տվողների մեջ, և երբ  ինքը  հիմարություն պիտի ասեր, պարզապես ձայն չէր հանում :

Նա աշխարհի ամենալավ մարդն էր, բայց նա վերջինն էր, ով իմացավ այդ մասին: Այնքան վերջինը, որ այդպես էլ չիմացավ, որ ինքը աշխարհի ամենալավ մարդն է  :

 

«Աչքերի գանգատը»

Գիտե՞ք, որ աչքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:

—  Ոչ ոք չգիտի,  ասում էր նա, — թե ի՜նչ թշվառ եմ ես: Արդեն մի քանի դար է, ինչ իմ կյանքը անտանելի է դարձել: Ես միշտ տեսնում էի, որ Արեգակը  պտտվում է  Երկրի շուրջը:  Բայց  հայտնվեցին  Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:
Նայում էի ես ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է և թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, ստեղծեց մանրադիտակը և հայտարարեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա,  քան գազանանոցում:
Հիմա էլ, տես, գիշերը նայում եմ  երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև:  Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում:  Ամեն ինչ ինձ համար պարզ է, ախր ես հրաշալի տեսողություն ունեմ: Բայց  ստացվում է, որ ես էլի սխալվում եմ: Ինձ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված էր դեպի երկինք, և հանկարծ ես տեսնում  եմ, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ հիմա,  ուզեմ թե չուզեմ, ապացուցված է, որ ես ամեն ինչ սխալ եմ տեսնում:  Երևի ավելի կլինի, որ ես  անցնեմ թոշակի:
_Կեցցե՛ս: Բայց առանց աչքերի  ո՞վ է դիտելու մանրադիտակներով և աստղադիտակներով:

 

«Կապույտ լուսացույցը»

Մի անգամ Միլանի Դուոմոյի հրապարակի լուսակիրը  տարօրինակ բան արեց: Նրա բոլոր լույսերը հանկարծակի կապույտ դարձան, և մարդիկ չգիտեին` ինչպես վարվել:
-Փողոցն անցնե՞նք, թե՞ չանցնենք: Կանգնած մնա՞նք, թե՞ չմնանք:
Իր բոլոր «աչքերից» բոլոր ուղղություններով լուսակիրն անսովոր կապույտ ազդանշան էր տալիս, այնպիսի կապույտ, Միլանի երկնքից էլ կապույտ:
Մեքենաների վարորդները գոռգոռում էին և ազդանշան տալիս, մոտոցիկլետների ձայնը աշխարհ էր բռնել, իսկ շատ թմբլիկ մի հետիոտն բղավում էր.
-Դուք չգիտեք, թե ես ով եմ:
Սրամիտները կատակում էին.
-Երևի կանաչը պաշտոնյաներից մեկն է կերել, որ քաղաքից դուրս ամառանոց կառուցի:

-Կարմիրով էլ   «Ջարդինի» այգիների ձկներին են ներկել:
-Գիտե՞ք` ինչ են անելու դեղին գույնը: Ավելացնելու են ձիթապտղի յուղին:
Վերջապես ժամանեց մի ոստիկան և կանգնեց խաչմերուկի մեջտեղում,  որ երթևեկությունը կարգավորի:   Մի ուրիշ ոստիկան կառավարման վահանակը գտավ, որ թերությունն ուղղի և անջատեց հոսանքը:
Մինչև անջատվելը լուսակիրը հասցրեց մտածել. «Խեղճ մարդիկ: Ես նրանց երկինք  գնալու ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Կարող է նրանց քաջությունն էր քիչ:

 

«Ալիսա-Գլորիկը»

Մի աղջիկ կա: Նրան Ալիսա Գլորիկ են ասում: Հիմա  քեզ կպատմեմ նրա մասին: Գիտե՞ս՝ ինչո՞ւ են նրան   «Գլորիկ»  ասում: Որովհետև նա շարունակ գլորվում-ընկնում է, շարունակ ու ամեն տեղ: Մի անգամ պապը փնտրում է նրան, որ պարտեզ տանի.

_Ալիսա՜… որտե՞ղ ես:

_Այստեղ եմ, պապի՜կ:

_Որտե՞ղ՝ այստեղ:

_ Եսիմ…:  Զարթուցիչի մեջ:

Այո՛, պատկերացնո՞ւմ ես, զարթուցիչի մեջ էր…Նա ուզել է իմանալ, թե ի՞նչն է այնտեղ շարունակ տկտկում: Այնքա՜ն է ուզել, այնքան, որ բացել  է ժամացույցի ետևի դռնակը և մի ակնթարթում ընկել անիվների ու զսպանակների մեջ:  Հիմա նա ստիպված է շարունակ ցատկոտել անիվի մի ատամից մյուսը, որպեսզի ընկնի խելացի պտուտակների տակ, որոնք հա պտտվում են և կրկնում.«Թի՛կ-թա՛կ, թի՛կ-թա՛կ…»:
Մի անգամ էլ պապիկը կանչում է նրան նախաճաշի.
_Ալիսա՜… Որտե՞ղ ես:

_Այստեղ եմ, պապի՜կ::

_Ո՞րտեղ՝ այստեղ:

_Դե այստե՛ղ էլի, հենց կողքիդ՝ շշի մեջ…:

_Ինչպե՞ս  ընկար այդտեղ:

_Ես շատ ծարավ էի,  ուզեցի շշից ջուր խմել, ու՝  թրը՛մփ…  ընկա մեջը…

Էս Ալիսան  ընկել էր ջրով լցված շշի մեջ և հիմա ստիպված  շարունակ ոտքերն էր  շարժում ու ձեռքերով թիավարում, որպեսզի չխեղդվի:   Լավ է, որ ամռանը, երբ նրան տարել էին Սպերլոնգ, սովորել էր գորտի նման լող տալ:

_Մի քիչ դիմացիր, հիմա ես քեզ կհանեմ:
Պապը շշի մեջ բարակ թոկ իջեցրեց: Ալիսան ճարպկորեն բարձրացավ այդ պարանով և դուրս եկավ շշից:  Հենց այդ ժամանակ էլ նա հասկացավ, թե որքան օգտակար է սպորտով զբաղվելը:

Մի անգամ էլ Ալիսան կորավ: Ե՛վ պապն էր նրան փնտրում, և՛ տատն էր նրան փնտրում, և՛ հարևանուհին էր փնտրում, այն հարևանուհին, որ ամեն օր գալիս էր նրանց տուն՝պապիկի լրագիրը կարդալու.  Այդպես նա քառասուն լիրա էր տնտեսում:

_Տե՛ր Աստված, ա՛յ քեզ դժբախտություն,-շշնջում էր սարսափահար տատը: _Ի՞նչ պիտի անենք, եթե չգտնենք նրան մինչև հոր ու մոր վերադարձը:

_Ալիսա՜… Ալիսա՜… Որտե՞ղ ես… Ալիսա՜…:
Բայց այս անգամ Ալիսան չէր պատասխանում և չէր էլ կարող պատասխանել: Խոհանոցով ճանապարհորդելիս  նա իր հետաքրքրասեր քիթը խոթեց այն դարակի մեջ, որտեղ պահում էին սփռոցներն ու անձեռոցիկները: Ուզեց նայելդարակի մեջ, և  իհարկե, գլորվեց ներս: Գլորվեց ու… քնեց փափուկ սփռոցների մեջ:  Ինչ-որ մեկը անցնելիս դարակը ետ հրեց: Հա՜,  ո՞ւմ մտքով կանցներ, որ Ալիսան այնտեղ է: Երբ նա արթնացավ, տեսավ, որ շուրջը մութ-մութ է, բայց  բոլորովին էլ չվախեցավ. Մի անգամ նա գլորվել էր լվացարանի խողովակը, ա՛յ, այնտեղ շատ ավելի մութ էր…
«Շուտով երևի ընթրիքի համար սեղան կգցեն, կուզենան սփռոցը հանել ու կգտնեն ինձ»: Բայց ինչպե՞ս կարող էին   ընթրիքի մասին մտածել, երբ Ալիսան կորել էր, չկար ու չկար: Դե իհարկե՝ ոչ-ոք էլ չհիշեց ընթրիքի մասին: Երեկոյան, երբ վերադարձան Ալիսայի հայրն ու մայրը, նրանք բարկացան տատի ու պապի վրա:
_Այդպե՞ս եք   երեխա խնամում:
_Մեր երեխաները լվացարանների մեջ չէին գլորվում,-արդարացան պապն ու տատը:-Մեր ժամանակներում երեխաները շա՜տ-շատ մահճակալից էին գլորվում, բայց դրանից   մեծ վնաս չէր լինում, միայն ճակատներին մի փոքրիկ ուռուցք էր գոյանում:
Մինչ այդ Ալիսան սպասելուց ձանձրացավ, նա մի կողմ քաշեց սփռոցներն ու անձեռոցիկները, հասավ դարակի հատակին և ամբողջ ուժով սկսեց ոտքերով դոփել: «Թը՛խկ… թը՛խկ… թը՛խկ…»:
_Սսս…,-ասաց հայրիկը,-ոնց որ թե ինչ-որ տեղ թակում են:
Ալիսան սկսեց ավելի ուժեղ թակել՝ թ՛խկ… թը՛խկ… թը՛խկ…:
Դու  պետք է տեսնեիր, թե ինչպես էին նրան գրկում ու համբուրում, երբ գտան դարակում…:  Իսկ Ալիսա՞ն… Նա օգտվեց առիթից և գլորվեց հայրիկի բաճկոնի գրպանը:   Երբ նրան հանում էին այնտեղից, նա ամբողջությամբ ներկված էր թանաքով, որովհետև խելքին փչել էր խաղալ հայրիկի ինքնահոսով:

 

«Թե ինչպես կապիկները   ճամփորդեցին»

Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին  ճամփորդել, աշխարհ  ճանաչել:  Որոշեցին ու ճամփա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին  ու հարցրին..
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ   ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ   ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:

 

 

3 thoughts on “Ջաննի Ռոդարի

  1. Լևոն Ղալամքարյան on said:

    ՃԱՄՓՈՐԴ ԿԱՊԻԿՆԵՐԸ֊֊
    Կային-չկային կապիկներ կային: Այդ կապիկները սիրում էին հեքիաթներ լսել: Մի անգամ այս կապիկները որոշեցին ճամփորդել: Գնացին, գնացին, մեկ էլ տեսան, որ մի առյուծ իր համար գիրք է կարդում:
    — Բարև:
    — Բարև, կապիկներ, պատասխանեց առյուծը:
    — Մենք սիրում ենք հեքիաթներ լսել, կարո՞ղ ես մեզ համար մի հեքիաթ կարդալ:
    — Այո՛, կարող եմ: Ուզո՞ւմ եք Ջաննի Ռոդարիի հեքիաթներից լսել:
    — Այո՛, ուզում ենք,- պատասխանեցին կապիկները:
    Եվ առույծը սկսեց պատմել ամենազարմանալի հեքիաթները:

  2. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ | 5-6 տարեկանների մեդիամիջավայր

  3. Ծանուցում՝ Ջաննի Ռոդարի — Լիլյա Զախարյան

Թողնել մեկնաբանություն